Posted in Գրողների մասին, Մայրենի

Աթաբեկ Խնկոյանի մասին

Աթաբեկ Հովհաննեսի Խնկոյանը ծնվել է Փամբակի շրջանի Ղարաբոյա գյուղում (այժմ կրում է Խնկոյան անունը)։ Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում՝ տիրացու Կարապետի ծխական դպրոցում, 1880 թվականից՝ Ալեքսանդրապոլի (այժմ՝ Գյումրի)՝ Մարտիրոս Պողոսյանի մասնավոր կրթարանում, ապա՝ երկու տարի անց՝ քաղաքային դպրոցում։ 1890-1910 թվականներին ստանում է որպես ուսուցիչ պաշտոնավարելու իրավունք։ Շուրջ 35 տարի նա մանկավարժական աշխատանք է կատարում տարբեր վայրերի, այդ թվում՝ հայրենի գավառի դպրոցներում: Ապա՝ Նալբանդ գյուղի դպրոցից, Հովհաննես Թումանյանի աջակցությամբ 1911 թվականին տեղափոխվել է Թիֆլիս, աշխատակցել «Հասկեր» ամսագրին, ուսուցչություն արել Ստեփան Լիսիցյանի պանսիոնում ու քաղաքային դպրոցում: Աթաբեկ Խնկոյանը 1923 թվականին լուսժողկոմատի կողմից հրավիրվում է Երևան՝ գրական-մանկավարժական աշխատանքի: Աշխատակցել է «Աշխատավոր», «Նոր աշխատավոր», «Աղբյուր», «Մաճկալ», «Հասկեր», «Հայաստանի աշխատավորուհի» պարբերականներին։ Գրական փորձերը սկսել է աշակերտական հասակից։ Առաջին ժողովածուն՝ «Բանաստեղծական փորձեր»-ը, լույս է տեսել 1890 թվականին։ Խորհրդային կարգերի հաստատումից հետո Խնկո Ապերը եկել է Հայաստան, ծավալել գրական–մշակութային գործունեություն։ Հայկական դպրոցների համար կազմել է մայրենի լեզվի դասագրքեր «Մեր դպրոցը», «Կարմիր արև»։ Գրել է բանաստեղծություններ, պոեմներ, հեքիաթներ[1], լեգենդներ, առակներ։ Խնկո Ապերը շուրջ 120 ինքնուրույն և թարգմանական գրքերի հեղինակ է։ Առավել հայտնի են նրա «Աղվեսն ու արջը» (1910), «Գող մաքին» (1911), «Առակներ» (1917), «Մրգաստան» (1939), «Հեքիաթներ ու պատմվածքներ» (1967) ժողովածուները[2]։ Խնկո Ապոր փոխադրություններից ու թարգմանություններից են «Պապն ու շաղգամը» (1911), «Քնած արքայադուստրը» (1912), «Առաջին դասը» (1927), «Ռոբինզոն Կրուզոն» (1932), «Գայլն ու գառը» (1941)։ Լայն ճանաչում են գտել «Ծաղկանց ծովը», «Մեղուն», «Բկլիկ ձկնիկը», «Կարմիր գարունը» բանաստեղծությունները։ Խնկո Ապոր երկերն աչքի են ընկնում ժողովրդական լեզվամտածողությամբ[3]։ 1932 թվականին Խնկոյանն արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր ուսուցչի, նույն թվականին՝ նաև վաստակավոր գրողի կոչման:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով