(մաս երրորդ)
Ծեր գրադարանավարուհին մի պահ նայեց երկու ընկերներին։ Հանրային գրադարանում, երկար տարիների իր աշխատանքի ընթացքում սա բոլորովին անսովոր մի դեպք էր։
— Լավ,— ասաց նա վերջապես,— գուցեև լավ է, որ դուք չեք կարող կարդալ։ Ես կարող եմ կարդալ։ Վերջին վաթսուն տարիներին շատ գրքեր եմ կարդացել և չեմ կարող ասել, թե ինչ֊-որ բան կփոխվեր, եթե կարդացած չլինեի։ Դե, այժմ գնացեք և ձեր ուզածի չափ դիտեցեք գրքերը։
— Շնորհակալություն, տիկին,— ասաց Լայոնելը։
Երկու ընկերները շարժվեցին դեպի գաղտնիքի և արկածների ավելի մեծ ոլորտներ։ Լայոնելը ավելի շատ գրքեր ցույց տվեց Յուլիսիսին։
— Սրանք,— ասաց նա,— և դրանք՝ վերևում եղածները, բոլորը գրքեր են, Յուլիսիս։— Նա մի պահ մտքերի մեջ ընկավ։— Արդյոք ի՞նչ է ասվում բոլոր այդ գրքերի մեջ,— նա ցույց տվեց գրքերով լեցուն հինգ դարակ։— Հետաքրքիր է, ի՞նչ է գրված այս բոլորի մեջ,— ասաց նա։ Վերջապես նա գտավ մի գիրք, որը արտաքինից շատ գեղեցիկ էր երևում։ Նրա կազմը կանաչ էր, թարմ խոտի նման։— Իսկ այս մեկը,— ասաց նա,— այս մեկը տես ինչքան գեղեցիկ է, Յուլիսիս։
Փոքր-֊ինչ վախենալով իր արածից, Լայոնելը այդ գիրքը հանեց դարակից, մի քիչ պահեց ձեռքում, հետո բացեց։