Posted in Մայրենի

Արծիվն ու կաղնին

Եղավ՝ մի անգամ անտառի միջին

Արծիվն ու Կաղնին էսպես վիճեցին,

Թե ո՜րն իրենցից շատ տարի կապրի,

Ո՜րն է դիմացկուն ու պինդ ավելի:

Արծիվն ասավ՝ ես. Կաղնին էլ թե՝ ես:

Երկուսն էլ համառ ու հըպարտ էսպես՝

Մեծ-մեծ պարծեցան, սաստիկ վիճեցին,

Վերջը էս տեսակ պայման կապեցին:

Ժամանակ դըրին հինգհարյուր տարի

Արքան հավքերի, արքան անտառի,

Որ թե որոշված էն օրին հասնեն,

Էն օրը մին էլ գան իրար տեսնեն:

Ու Արծիվն իսկույն Կաղնուց հեռացավ,

Հըզոր թևերը շարժեց, վերացավ

Դեպի ամպերը, դեպ ժայռերը,

Ուր անց է կացնում իր լավ օրերը:

Կաղնին էլ փըռեց ճյուղերն երկաթի,

Խո՜ր ու խոր մխեց ճանկերն արմատի

Ու էնպես հուժկու կանգնեց անտառում,

Որ վայր չընկնի էլ հինգհարյուր տարում:

Դարե՜ր անց կացան: Եվ ահա մի օր

Արծիվը եկավ ծերացած, անզոր,

Ծըվոցը կըտրած, տըկար, հևալով,

Թույլ-թույլ թևերը հազիվ քարշ տալով

Տեղ հասավ մի կերպ, նայեց դես ու դեն,

Տեսավ, որ Կաղնին ընկել էր արդեն.

Ճյուղերը թեև դեռ թարմ ու կանաչ,

Ընկել էր ահեղ փոթորկի առաջ:

— Հե՜յ, կանչեց, գոռոզ, պարծենկո՜տ Կաղնի,

Դե լավ ճանաչիր ինձ ու քեզ հիմի.

Հինգհարյուր տարուց մի ժամ էլ դեռ կա,

Ընկել ես արդեն, անկոտրում հըսկա:

— Հինգհարյուր տարի ապրել եմ կանգնած,

Էդքան էլ կապրեմ դեռ էսպես թիկնած,

Մինչև լըրանա մի հազար տարին:

Պատասխան տըվավ ընկած վիթխարին:

Իմ կազմած առաջադրանքները՝

Ովքե՞ր էին առակի հերոսները։

ա. գայլ, ոչխար

բ. արծիվ, կաղնի

գ. աղվես, աքաղաղ

Ի՞նչի մասին էր այս առակը։

Ինչո՞ւ էին արծիվը և կաղնին վիճում։

Դուրս գրի՜ր 2 պատմողական և 1 կոչական նախադասություն։

Հորինուկ հորինիր «Կաղնին և խնձորենին» վարնագրով։

Ո՞վ հաղթեց այս առակում։

Գրիր 10 փաստ արծիվների մասին։

Փորձիր գրել մի բանաստեղծություն «Արծիվ» վերնագրով։

Նկարիր առակի քեզ դուր եկած հատվածը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով