Posted in Բնագիտություն

Ինչպե՞ս է մարդը վերափոխում շրջակա աշխարհը

Ապրելով և աշխատելով բնության մեջ՝ մարդն էլ անխուսափելիորեն ներգործում է բնության վրա և փոփոխում այն: Ինչպե՞ս է դա տեղի ունենում: Հսկայական հողատարածքներ հազարամյակներ շարունակ մշակվել են մարդու կողմից, յուրացվել են նոր տարածություններ: Կառուցվել են խոշոր քաղաքներ, մեծ ջրամբարներ, ինչի արդյունքում հսկայական տարածքներ անցել են ջրի տակ:

Մարդը երկրի ընդերքից այնքան օգտակար հանածոներ է արդյունահանել, որ դրա արդյունքում անգամ լեռներ են հողին հավասարվել: Այս ամենով մարդը աստիճանաբար փոխում է երկրագնդի դեմքը: Այսօր արդեն մեր երկրագնդի վրա շատ քիչ տարածքներ կան, որոնց մարդու ձեռքը չի դիպել: Այս գործընթացը շարունակվում է, այսինքն՝ մարդը շարունակում Է վերափոխել բնությունը: Այդ փոփոխությունները շատ հաճախ բնական միջավայրի համար կործանարար են, քանի որ բնությունը չի հասցնում վերականգնել իր հարստություններն այն արագությամբ, ինչ չափով, որ մարդը օգտագործում է դրանք:

Continue reading “Ինչպե՞ս է մարդը վերափոխում շրջակա աշխարհը”

Posted in Բնագիտություն

Մենք էլ ենք բնության մի մասնիկը

Մեզ հիացմունք են պատճառում երկնքի աստղերը, բարձր լեռները, հարթավայրերը, օվկիանոսները, գետերը և այլն: Զարմանալի է նաև բույսերի և կենդանիների աշխարհը: Բայց երկրագնդի վրա ամենայուրահատուկը մարդն է: Մարդը ևս կենդանի բնության մաս է կազմում: Ինչպես մյուս կեն­դանի օրգանիզմները, նա նույնպես շնչում է, սնվում, աճում, զարգանում, ունենում երեխաներ: Դրա համար էլ մարդուն անհրաժեշտ է օդ, ջուր. լույս, ջերմություն, սնունդ: Առանց բնության մարդը չի կարող գոյություն ունենալ, ապրել և աշխատել: Մարդն ապրում է գրեթե ամենուր՝ ծովափերում և լեռներում, երկրագնդի տաք և ցուրտ վայրերում,  անջուր անապատներում և փարթամ անտառների հարևանությամբ: Նա օգտվում է բնության բարիքներից, ինչպես մյուս կենդանիները: Բայց, ի տարբերություն նրանց, մարդը ստեղծում է այդ բարիքներից օգտվելու գործիքներ, մեքենաներ, սարքեր: Որովհետև մարդը բնության միակ բանական, այսինքն՝ մտածող էակն է: Նա ունի նաև խոսելու և աշխատելու ունակություն: Դրանց շնորհիվ մարդը ստեղծել է յուրօրի­նակ աշխարհ՝ ժամանակակից քաղաքներ և գյուղեր, գործարաններ և ֆաբրիկաներ, ճանապարհներ և կամուրջներ, ավտոմեքենաներ և տիեզերանավեր, հեռուստացույցներ և համակարգիչներ: Մարդիկ գրում են գրքեր, նկարահանում ֆիլմեր, ստեղծում քանդակներ, երաժշտություն, նկարներ: Նրանք ուսումնասիրում են բնությունը, նրա գաղտնիքները: Որպես սնունդ մարդն օգտագործում է բու­սական և կենդանական ծագում ունեցող սննդա­մթերք: Դրա համար նա մշակում է հողը՝ աճեց­նելով տարբեր բույսեր, պահում է ընտանի կեն­դանիներ, որսում ցամաքում և ջրում ապրող կենդանիներ: Ապրելով և աշխատելով բնության մեջ՝ մարդն անխուսափելիորեն ներգործում է բնության վրա և փոխում այն: Օրինակ՝ մարդու մեղքով անհետացել և անհետանում են բազմաթիվ կենդանիներ և բույսեր, ջրերն ու հողը աղտոտվում են թունավոր նյութերով, օդում հայտնվում են կենդանի օրգանիզմների համար վտանգավոր նյութեր: Մարդը չի կարող չօգտվել բնությունից, սակայն նա միաժամանակ պետք է հոգ տանի նաև դրա պահպանման համար: Գոյություն ունեցող բույսերի և կենդանիների պահպանության համար ստեղծվում են պետության կողմից պահպանվող տարածքներ՝ արգելոցներ: Հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող բույսերի և կենդանիների անունները մտցվում են հատուկ՝ Կարմիր գրքերի մեջ: Մարդը չպետք է մոռանա, որ ինքը բնության մի մասն է և ոչնչաց­նելով բնությունը՝ կործանման է դատապարտում ինքն իրեն:

Continue reading “Մենք էլ ենք բնության մի մասնիկը”